«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնից: Այս մասին նա տեղեկացրել է իր facebook-յան էջում:
«Այսօրվա հերթը ոստիկանության կենտրոնի բաժինն էր, դուրս եկա։ Ամեն ինչ դեռ առջևում է»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը գրել է, որ ««Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը»։
«Հայրենիքի փրկության շարժումը» ևս անդրադարձել է այսօրվա աավտոերթին, մասնավորապես, ընդգծելով նաև, որ ավտոերթն ավարտվել է Հանրապետության հրապարակում:
«Ճանապարհային ոստիկանությունն անհեթեթ պատճառաբանություններով կանգնեցրեց որոշ ավտոմեքենաներ՝ թույլ չտալով մասնակցել ավտոերթին, այնուհետև ավտոմեքենաների վարորդներին սկսեցին տուգանել։ Հանրապետության հրապարակում ոստիկանությունը խոչընդոտեց քաղաքացիների ակցիան»,-ասված է «Հայրենիքի փրկության շարժման» հայտարարության մեջ:
Հիշեցնենք նաև, որ այսօր մայրքաղաքում ընդդիմությունը կրկին ավտոերթ էր կազմակերպել, որն ավարտվեց Հանրապետության հրապարակում: Պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Հավելենք նաև, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում: Ձևավորված «Հայրենիքի փրկության շարժման» պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Շարժման Ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: