Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Բասմանի դատարանի որոշումը, որը թույլ է տվել քննությանը քրեական գործ հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ՝ նրա սպանության մեջ մեղադրվող դուստրերի նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների և գործողությունների վերաբերյալ: ТАСС-ի փոխանցմամբ՝ աղջիկների փաստաբաններից Ալեքսեյ Լիպցերը նշել է, որ որոշումն ուժի մեջ է մտել։
«Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործ հարուցելուց հրաժարվելու անօրինականությունը, որոշումն ուժի մեջ է մտել»,- ասել է պաշտպանը:
Նշենք, որ այս քննությունը կապված է ՌԴ-ում մեծ աղմուկ առաջացրած Խաչատուրյան քույրերի գործի հետ։
Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանները մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ։ Հանցագործության իրականացման ժամանակ նրանք եղել են, համապատասխանաբար, 19, 18 և 17 տարեկան։
2018 թվականի հուլիսի 28-ին, սպանության կասկածով, աղջիկները ձերբակալվել են, իսկ 2019 թվականի հունիսի 14-ին քննչական մարմինը առաջադրել է մեղադրանք կանխամտածված սպանության համար, որն իրականացվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից (ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ մասի 8-րդ կետ)։ Այդ հոդվածով նախատեսվում է 8-20 տարի ազատազրկում։ Պաշտպանական կողմը պնդում է, որ աղջիկները հայտնվել են անելանելի վիճակում՝ հոր կողմից դրսևորված ընտանեկան բռնության և սեռական ոտնձգությունների պատճառով։