Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է Վահե Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործին։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Վ. Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ.-ին ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ։ Հայտարարության մեջ նշված է նաև, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:
«Եթե քրեական գործը հարուցվել է հենց Վահե Հակոբյանի կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ (իսկ քննչական կոմիտեի հայտարարությունից այդպես է երևում) այլ ոչ թե այլ անձանց կողմից, ապա հարկ է արձանագրել, որ ՔԿ-ի հայտարարության մեջ առկա հետևյալ ձևակերպումը՝ «Վ.Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ» արդեն իսկ խախտում է պարոն Հակոբյանի անմեղության կանխավարկածը»,- նշել է փաստաբանը։
Ըստ Ալեքսանյանի՝ բացի դրանից՝ ըստ այդ հայտարարության՝ 2019թ. ստուգումներ են կատարվել, ինչը ենթադրում է, որ այդ ժամանակ էլ նշված փաստով քրեական գործը հարուցվել է:
«Հետևաբար, տրամաբանական հարց է առաջանում՝ այդ ժամանակահատվածում ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել, և դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ համապատասխան քաղաքական հայտարարություններ է կատարում: Հենց սրանով է պայմանավորված, որ մենք սա համարում ենք քաղաքական հետապնդում»,- ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ փաստաբաններն այսօր ավելի վաղ տեղեկացրել էին, որ 2021 թվականի հունվարի 29-ին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել Սյունիքի մարզային քննչական վարչություն։