Եվրախորհրդի անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը, և ի՞նչ պետք է անել դա կանխելու համար. ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանն այս հարցադրումն է արել վեհաժողովի լիագումար նիստի իր ելույթում, փոխանցում են մի շարք լրատվամիջոցներ: Նա ընդգծել է, որ արցախյան պատերազմից հետո` հրադադարի հայտարարության ստորագրումից երկու ամիս անց, Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին:
«Երբ մենք խոսում ենք կանոնակարգերի և ընթացակարգերի մասին, ես ցանկանում եմ մեկ հարց տալ մեզ բոլորիս. ի՞նչ անել, երբ Եվրոպայի խորհրդի անդամ երկիրը տարիներ շարունակ ստորադասում է մարդու հիմնարար իրավունքները: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանն օգտագործել «խավիարային դիվանագիտությունը»՝ թաքցնելու Ադրբեջանի բռնապետական իրականությունն ու մարդու իրավունքների խախտումները: Մենք զեկույցներ ենք ունեցել այդ թեմայով: Բոլորս հիշում ենք Լուկա Վոլոնտեի դեպքը: Վերջինս դատապարտվեց չորս տարվա ազատազրկման ադրբեջանցի պաշտոնյաներից կաշառք վերցնելու համար: Վոլոնտեն «այսբերգի» գագաթն է ընդամենը, խնդիրը շատ ավելի խորն է»,- նշել է Տաթև Հայրապետյանը:
Պատգամավորի խոսքով, Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան, որն ուղեկցվում էր պատերազմական հանցագործություններով, ռուսական կողմի միջնորդությամբ ավարտված է, սակայն հրադադարի հայտարարության ստորագրումից երկու ամիս անց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին: Խնդրի լրջությունը հասկանալու համար նա ներկայացնում է մեկ օրինակ: ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել մի խումբ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանից ներկայացնել համապատասխան տեղեկություն: Չորս օր անց ռազմագերիներից մեկը դաժանաբար սպանվում է:
«Սա աննախադեպ է և մարդու իրավունքների կոնվենցիայի կոպիտ խախտում է: Որպես կին պատգամավոր՝ ես նաև ցանկանում եմ շեշտել, որ կին գերի ևս կա, որը պահվում է Ադրբեջանում: Իմ հայրենակից Մարալ Նաջարյանի միակ մեղքն այն է, որ նա հայ է և հաց էր տանում զինվորներին, որոնք պաշտպանում էին Արցախի խաղաղ բնակչությանը: Հարգելի գործընկերներ, այս քննարկումը արժեքների մասին է. ԵԽ անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը, և ես ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ անել դա կանխելու համար»,-հավելել է Տաթև Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որին, չնայած Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը հրատապ կարգով չդրվեց քննարկման այն հիմնավորմամբ, որ նախատեսվում է առանձին զեկույց պատրաստել հումանիտար խնդիրների թեմայով, ուստի այդ հարցը գտնվելու է ուշադրության կենտրոնում, սակայն, այնուամենայնիվ, հարցը դարձավ քննարկման առարկա: Քաղաքական խմբերից ԵԺԿ–ի եւ ԱԼԴԵ–ի ղեկավարները լիագումար նիստի ժամանակ խոսեցին խնդրի կարեւորության մասին։