Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի արած հայտարարությունների մասին տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ՝ դրանում նշված հանգամանքների վերաբերյալ ստուգման գործողություններ իրականացնելու համար։
Այս տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ դատախազությունում ուսումնասիրության առարկա են դարձել Մանուկյանի հայտարարության մի քանի դրվագներ: Առաջին դրվագը վերաբերում է ապստամբության մասին նրա հայտարարություններին: Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը Արարատի մարզում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ եթե ՀՀ գործող իշխանությանը հեռացնելու սահմանադրական ճանապարհը արդյունք չտա, պետք է ապստամբություն անել։
Հաջորդ դրվագը, որ ուսումնասիրության առարկա է դարձել, վերաբերում է Արցախում պատերազմի օրերին Մանուկյանի որոշ գործողություններին, երբ վերջինս, իր խոսքով, հորդորել է արցախցի գեներալներին՝ Արցախում իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։