Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր մերժել է ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի նկատմամբ 2 մլն ՀՀ դրամի չափով գրավ կիրառելու մասին պաշտպան Լևոն Սահակյանի միջնորդությունը։
Նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի փաստաբան Լևոն Սահակյանն այսօր Գ. Լոռեցյանի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին միջնորդություն էր ներկայացրել:
Գևորգ Լոռեցյանն այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հիշեցնենք, որ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։
Նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Լոռեցյանի վարորդ Էդուարդ Հովհաննիսյանին և «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանին: