Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված «Կամք» հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Չախալյանն ազատության մեջ է: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Միքայել Շխիմյանը:
Նա տեղեկացրեց, որ դատարանը Չախալյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչել, իսկ կալանավորելու միջնորդությունը՝ մերժել։
«Դատարանի որոշմամբ՝ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Չախալյանը կատարել է իրեն վերագրվող արարքը»,- նշեց նա:
Գործով մյուս մեղադրյալի՝ Տիգրան Չոբանյանի խափանման միջոցի հարցով ևս դատական նիստ է նշանակվել:
Նշենք, որ Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված 5 անձանց՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին երեկ մեղադրանք էր առաջադրվել։ Քննչական կոմիտեն նրանց կալանավորելու միջնորդություններ է ներկայացրել դատարան։
Նրանք մեղադրվում են նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ կատարելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։