«ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով նաև հարբած վիճակում», – այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։
Պաշտպանը հայտնել է, որ նշված բոլոր գյուղերի բնակիչները և համայնքային մարմիններն ահազանգեր են ներկայացնում այն մասին, որ կրակոցներն արվում են պարբերաբար՝ ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ գիշեր ժամանակ:
«Ըստ ահազանգերի՝ կրակոցներն ակնհայտ պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին երեխաներին ու կանանց: Ընդ որում, գյուղացիները դիտարկել են, որ հաճախ են դեպքերը, երբ հարբած վիճակում են ադրբեջանական զինվորականների կրակոցներն արձակվում: Հենց այդ ժամանակ է, որ կրակոցները խոշոր տրամաչափի զինատեսակներից են ու ինտենսիվ»,-նշել է Թաթոյանը։
Նա հայտնել է նաև, որ այս կրակոցների մասին Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակությանն ահազանգեր էին ներկայացվել դեռևս 2021 թվականի հունվարի 9-ին Կապանի Ճակատեն և այլ գյուղեր այցերի ընթացքում: «Այդ ժամանակ նաև անմիջականորեն էր արձանագրվել, որ կրակոցներով ակնհայտ լարվածություն է առաջանում գյուղերում»,-ընդգծել է Պաշտպանը։
«Այս փաստն ավելի է ամրապնդում Մարդու իրավունքների պաշտպանի համոզմունքը, որ խաղաղ բնակիչների կյանքի ու կենսական մյուս իրավունքների համար իրական սպառնալիք է նաև ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Հայաստանի սահմանային բնակավայրերի անմիջական հարևանությամբ, միջհամայնքային ու միջպետական ճանապարհներին:
Այս փաստերի վերաբերյալ հաղորդումներ ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին: Առանձին հաղորդումներ կուղարկվեն նաև միջկառավարական կազմակերպությունների հատուկ մեխանիզմներին»,- հայտնել է ՄԻՊ-ը: