ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։
Այնուհետև, օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից, Ա. Բ.-ն և Դ. Գ.-ն ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելու և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց, հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը:
Առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել մատակարար կազմակերպության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, որը նույն օրը ներգրավվել է մեղադրյալ և միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում․