Ոստիկանությունից ստացած իմ տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2021թ․ փետրվարի 3-8-ը ներառյալ ՀՀ-ից մեկնելու թույլտվություն է տվել: Այս մասին հայտարարությամբ հանդես եկավ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
Նա մեջբերեց դատավոր Աննա Դանիբեկյանի գրությունը՝ հայտնելով, որ դատավորը Ոստիկանությունից խնդրել է Ռոբերտ Քոչարանի նկատմամբ առկա սահմանափակումները ժամանակավորապես վերացնել, այնուհետև կրկին կիրառել։
«Նախորդ դատական նիստերի ժամանակ մենք այս հարցը բարձրացել ենք, բայց որևէ պարզաբանում չենք ստացել դատարանից։ Մեզ հայտնի չէ, թե Ռ․ Քոչարյանին ինչի՞ հիման վրա է թույլատրվում մեկնել ՀՀ-ից, ինչո՞վ է դա պայմանավորված»,- նշեց նա՝ շեշտելով նաև, որ մեղադրող կողմը պետք է տեղեկացված լիներ այդ մասին։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), մեկնարկել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Հիշեցնենք նաև, որ գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։