Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույցն այն մասին, որ ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունն անթույլատրելի է ու խախտում է նրա իրավունքները (կալանավորված անձի օրինակով)։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
Հարցն այն է, որ ներկայում ազատությունից զրկված բուժում ստացող կալանավորված կամ ազատազրկման դատապարտված անձի հիվանդասենյակում մշտական հիմունքով ներկա է պահակետի քրեակատարողական մեկ ծառայող, որը հիվանդասենյակը կա՛մ առհասարակ չի լքում, կա՛մ յուրաքանչյուր դեպքում այն լքում է բուժում ստացողի խնդրանքով կամ պահանջով: Այս սխալ կանխավարկածի հիմքում էլ անորոշ, պրակտիկայում անձի իրավունքների տեսանկյունից իրավական լուծումներ են:
Իրականում, պետք է գործի հետևյալ կանխավարկածը. քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունը, որպես ընդհանուր կանոն, պետք է բացառվի: Դա կարող է հնարավոր լինել միայն այն բացառիկ դեպքերում, երբ անվտանգության նկատառումով բժիշկը կամ բուժանձնակազմի այլ ներկայացուցիչն է խնդրում ապահովել քրեակատարողական ծառայողի ներկայություն: