Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը: Այս մասին գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է գործարարությամբ զբաղվող ընկերության տնօրենից բողոք այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները 2020թ. նոյեմբերի 25-ին ապօրինաբար, պատերազմի սպառնալիքով ներխուժել են ՀՀ կառավարության որոշմամբ իրենց հատկացված այն տարածքը, որտեղ արդեն 20 տարի իրենք իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն՝ դրանով պատճառելով շուրջ 5 000 000 ԱՄՆ դոլարի վնաս:
Բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի որոշմամբ ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանն է տրամադրել Գեղարքունիքի մարզի Սոթքի լեռնանցքի (Գեղամասար համայնք) շրջանում 200 հա հողամաս և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը: Հողատարածքը տրամադրվել է էլեկտրական էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2 հողմակ:
Այնուհետև, ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է անշարժ գույքի նկատմամբ ընկերության իրավունքը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի որոշմամբ մինչև 2039 թվականի մայիս ամիսը ընկերությանը տրամադրել է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա: Դրանից բացի, Սոթք գյուղում գտնող նշված մակերեսով էներգետիկայի գործառնական նշանակությամբ հողամասի նկատմամբ գրանցված ընկերության վարձակալության իրավունքը երկարացվել է մինչև 2048թ. ապրիլ ամիսը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում ամփոփվում են նշված հարցերը, դրանք կներկայացվեն միջազգային մարմինների ուշադրությանը, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչին՝ կապված Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված գանգատի հետ: