Դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գույքի հետ կապված որոշ գործարքներ կնքելու թույլտվություն է տվել, որոնք դրա օտարում չեն ենթադրում։ Մեղադրող կողմը ևս չառարկեց որոշումը։
Այս մասին հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ։ Նշենք, որ այս պահին դատական նիստը դռնփակ է շարունակվում։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Հիշեցնենք նաև, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: