Քրեական դատավարության նոր նախագծով նախատեսվում է առկա այլընտրանքային խափանման միջոցներին ավելացնել ևս մեկը՝ տնային կալանքը։ Իսկ ինչպե՞ս է այն վերահսկվելու։ Այս մասին ԱԺ-ի լիագումար նիստի ժամանակ խոսեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա ասաց, որ տնային կալանք կիրառելու դեպքում դատարանի կողմից ֆիքսվում է կալանքի վայրը։ Կարող են կիրառվել էլեկտրոնային կրիչներ, կամ պրոբացիայի ծառայությունը պետք է իրականացնի հսկողություն՝ ըստ ռիսկայնության մակարդակի՝ այցելելով համապատասխան հասցե։
Ռուստամ Բադասյանն ասաց, որ էլեկտրոնային կրիչների համալրման հարցը լուծման փուլում է, գնումներ են նախատեսվում։
Գործող օրենսգրքում կա թերկարգավորում, սակայն ժամանակակից աշխարհում ամեն ինչ գնում է թվայնացման, հետևաբար՝ համապատասխան հմտությունների զարգացումը տվյալ դեպքում պարտադիր է։
Հիշեցնենք, որ ԱԺ լիագումար նիստում քննարկվում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված Քրեական դատավարության օրենսգրքի մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։