Բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող «ՄՍ-Շինարարներ» ԲԲԸ տնօրենը, որը 2011թ. Երևան քաղաքի Ֆուչիկի 6/1-րդ հասցեում սկսել էր բազմաբնակարան շենքերի «Ա» և «Բ» համալիրների կառուցումը, շենքերի եվրոպատուհանները տեղադրելու հարցում պայմանավորվածություն է ձեռք բերել եվրապատուհանների արտադրությամբ և տեղադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի հետ։
Պայմանավորվածության արդյունքում ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվել է ընդհանուր 25 000 ԱՄՆ դոլար արժողությամբ պատուհանների տեղադրում։
Սակայն տնօրենը, չկարողանալով կանխիկ վճարել մատուցված ծառայությունների դիմաց, 34-ամյա ծանոթի հետ 45 000 ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանի տեսքով այն տալու պայմանավորվածություն են ձեռք բերել։
Կնքվել է առուվաճառքի նախնական պայմանգիր, որից անմիջապես հետո իր գրասենյակում «ՄՍ-Շինարարներ» ԲԲ ընկերության տնօրենը ՍՊ ընկերության տնօրենից առձեռն ստացել է 9 638 800 ՀՀ դրամին համարժեք 20 000 ԱՄՆ դոլարը` պարտավորվելով մինչև նույն թվականի մայիսի 31-ը տրամադրել բնակարանի սեփականության իրավունքի վկայականը:
Շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը` 2016թ. ապրիլից մինչև 2018թ. մայիսն ընկած ժամանակահատվածում տարբեր պատճառաբանություններով ձգձգելով սեփականության իրավունքի վկայականի տրամադրումը, բնակարանի ներքին հարդարման աշխատանքները կատարելու պատրվակով «ՄՍ-Շինարարներ» ԲԲ ընկերության տնօրենը և ծանոթը ՍՊ ընկերության տնօրենից պահանջել և մաս-մաս ստացել են ևս 12 000 ԱՄՆ դոլար գումար:
Բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող «ՄՍ-Շինարարներ» ԲԲ ընկերության տնօրենին և նրա 34-ամյա ծանոթին մեղադրանք է առաջադրվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: