Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին վստահորդիս՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի և հարակից երկու այլ աշխատասենյակների խուզարկությունը։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է փաստաբան Հակոբ Ենոքյանը:
«Չնայած որ խուզարկվել է երեք աշխատասենյակ, որպես հիմք ներկայացվել է ոչ թե դատարանի, այլ քննիչի կողմից կայացված որոշում, այսինքն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` բնակարանին հավասարեցված անձնական աշխատասենյակը խուզարկվել առանց դատարանի որոշման, ինչը ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է:
Այս «խուզարկության» ավարտից հետո վստահորդս՝ Արա Սաղաթելյանը, բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։ Հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնեմ հաջորդիվ»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են նաև «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի բնակարանը: Խուզարկությունից անմիջապես հետո Բեքարյանը բերման է ենթարկվել ԱԱԾ: