Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը:
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը զեկուցել է, որ բարեփոխումների նպատակն է՝ Ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության հիմնմամբ ստեղծել ժամանակակից մարտահրավերներին դիմակայող ոստիկանություն:
Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում Երևանում ձևավորվելիք պարեկային ծառայությունը գործելու է օրական 3 հերթափոխով՝ 8-ժամյա ռեժիմով: Պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով դիմել են 2500 քաղաքացիներ, նրանց մի մասը՝ ոստիկանության համակարգից: Մրցույթի արդյունքում ընտրված 700-ից ավելի դիմորդներն այժմ անցնում են ուսումնական գործընթաց: Պարեկային ծառայությունը համալրվելու է նոր, ժամանակակից ավտոմեքենաներով՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ծառայողներն ունենալու են նոր հանդերձանք ու համազգեստ:
Հաջորդիվ քննարկվել են Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Այս առումով սահմանվել է կոնկրետ ժամանակացույց:
Օրակարգի հաջորդ հարցով քննարկվել է Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքների ընթացքը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ արդեն իսկ պատրաստ են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը, որոնք անցել են հանրային քննարկման փուլ: Առաջիկայում նախատեսվում է նախարարության ձևավորման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը ներկայացնել կառավարության քննարկմանն ու հաստատմանը: