ՀՀ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ։ Դրանով կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն, որն էլ կնպաստի կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացմանը։
«Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, իսկ 5-ը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն տասը դատավոր»,- ներկայացրեց նախարարը։
Հիշեցնենք, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Արդարադատության նախարարի առաջարկությամբ մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: