Փետրվարի լույս 26-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 36-ամյա մի տղամարդ մեքենայում ապօրինի զենք-զինամթերք ունի, հայտնել է ՀՀ ոստիկանությունը:
«Նա ընկերոջ հետ նույն օրը հայտնաբերվեց Գայի պողոտայում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Օպերատիվ տվյալները հավաստի էին. մեքենայում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփեր ու 100-ից ավելի փամփուշտ։
36-ամյա տղամարդու ներկայացմամբ՝ զենք-զինամթերքը հոկտեմբերին բերել էր Արցախից։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծալովի դանակ, իսկ ընկերոջ մոտ՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հորդորում ենք Արցախից բերված ապօրինի զենք-զինամթերք պահողներին՝ դրանք անհապաղ կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։