Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նշենք, որ դատարանի բակում են հավաքվել Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։
Դատական նիստի մեկնարկից առաջ նրանք փակել էին Արշակունյաց պողոտան, որը կարճ ժամանակ անց բացեցին։ «Ազգ, բանակ, հաղթանակ» վանկարկումներով նրանք կոչ էին անում քաղաքացիներին մասնակցել Հայրենիքի փրկության շարժման վաղը կայանալիք հանրահավաքին։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: