2019 թ. մարտի 14-ին հարուցված քրեական գործով առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2020 թ. հունվարի 31-ի դատավճռով «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Դատարանը հիմնավորված է համարել, որ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նակին ղեկավարի դրդմամբ և երկու անձի օժանդակությամբ, վատնման միջոցով ՀՀ պետական բյուջեի՝ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից 2011 թ. փետրվարից 2016 թ. մարտն ընկած ժամանակահատվածում հափշտակել է խոշոր չափերի՝ 2.515.490 ՀՀ դրամ գումար, իսկ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և կեղծ փաստաթուղթ կազմելու միջոցով կատարել է պաշտոնեական կեղծիք: Դատավճռով Գ. Գևորգյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` ընդհանուր 700.000 ՀՀ դրամի չափով, կիրառվել է համաներում, և նա ազատվել է նշանակված պատժից: Նույն դատավճռով դատապարտվել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի վարորդ Ա. Բարսեղյանը:
Դատավճռի դեմ ՀՀ դատախազությունը բերել է բողոք՝ կապված Գ. Գևորգյանի նկատմամբ հիմնական պատժի՝ տուգանքի հետ միաժամանակ լրացուցիչ պատիժ, այն է՝ որոշակի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, չկիրառելու հետ:
Դատախազության իրավական դիրքորոշումը վերոնշյալի կապակցությամբ այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի տրամաբանությունից և պատիժ նշանակելու սկզբունքներից բխում է, որ այն դեպքերում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի սանկցիայով որպես հիմնական պատիժ նախատեսված են տուգանք և ազատազրկում, իսկ որպես պարտադիր լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, այդ լրացուցիչ պատժատեսակը վերաբերելի է ինչպես տուգանքին, այնպես էլ ազատազրկմանը: Ելնելով դրանից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված տուգանք պատժատեսակի հետ միասին պարտադիր պետք է կիրառվի նաև լրացուցիչ պատիժը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը:
Այս որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը վճռաբեկ բողոք է բերել, որն ընդունվել է վարույթ և քննության առվել: Արդյունքում, ըստ էության, համաձայնվելով ՀՀ դատախազության իրավական դիրքորոշումների հետ՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրել է նախադեպային և կոռուպցիայիոն հանցագործությունների դեմ պայքարի տեսանկյունից կարևոր որոշում: