Վարչական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությունների արդյունքում գրավոր ընթացակարգ կներդրվի մի շարք գործերի քննության համար, մասնավորապես, ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող իրավախախտումների վիճարկման համար:
Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով նոր նախագիծ:
Պարզ դատական վեճերի համար, ըստ նախարարության, հարկ չկա բանավոր ընթացակարգ, կարելի է սահմանափակվել գրավորով:
Նախարարը փաստում է, որ վարչական խախտումների վիճարկումները 560 տոկոսով ավելացել են: Այն դատական հայցերը, որոնցով գրավոր ընթացակարգ է ներդրվում, կազմում է գործերի 80 տոկոսը: Որոշ հայցեր կստանան գրավոր ընթացակարգ ինչպես Առաջին ատյանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում:
Այս փոփոխությունը, Բադասյանի ներկայացմամբ, էականորեն թուլացնում է դատական համակարգի ծանրաբեռնվածությունը: Հաջորդ քայլը վերը նշվածի թվայնացումն է:
ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հավելեց, որ հատուկ աշխատանքներ են կատարվում թվայնացման ստանդարտների ուղղությամբ: