ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ դատական հայց է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Դատական հայցը վերաբերում է Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագրին։ Նա պահանջում է անվավեր ճանաչել այն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ Տիրան Խաչատրյանն ազատվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին. Տիրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»,-ասված էր հրամանագրում։
Նշենք, որ Տիրան Խաչատրյանն ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարության մասին մեկնաբանություն էր արել, որից հետո Ն․ Փաշինյանը Տ․ Խաչատրյանին աշխատանքից ազատելու որոշում էր կայացրել։