Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ բողոքարկելու են Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։ Նշենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրությամբ չհեռանալու մասին։
«Պարզ է, չէ՞, որ երբ քաղաքական իշխանությունը քաղաքական հակառակորդ է ունենում, անպայման պետք է լինի քրեական գործ, ինչը տեսնում ենք վերջին 3 տարիների ընթացքում։ Սա պարզապես պատվեր է»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել էր ծանուցագիր, որից պարզ էր դարձել, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։ Իսկ ընդդիմության վարչապետի թեկնածուն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը ու այն համարում է քաղաքական հետապնդում։