2020թ.-ի ընթացքում մարզերի դատախազություններն իրականացրել են լայնածավալ ուսումնասիրություն համայնքներում բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար հողամասերի հատկացման գործընթացների իրավաչափության կապակցությամբ:
Պաշտոնատար անձանց գործողություններում հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ ունեցող բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրվել են նյութեր նախապատրաստելու հանձնարարություններ:
Հանրապետության 9 մարզերի 76 համայնքներում կատարված նույնատիպ սխեմատիկ չարաշահումների դեպքերով հարուցվել և քննվել է 77 քրեական գործ:
2004թ.-ից սկսած պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը համայնքի ղեկավարի որոշմամբ, երբեմն ձևական մրցույթների միջոցով, շուկայականից էականորեն ցածր՝ սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել ֆիզիկական անձանց, այդ թվում նաև հենց համայնքների ղեկավարներին, նրանց ընտանիքի անդամներին, մերձավորներին, ենթականերին: Ապա վարձակալների կողմից այդ հողամասերի փոքր մասերը բազմապատիկ, որոշ դեպքերում մինչև 200-300 անգամ ավելի բարձր վարձավճարներով ենթավարձակալության են հանձնվել կապի օպերատոր ընկերություններին, որոնք այն օգտագործել են որպես կապի օբյեկտի հող՝ դրանցում տեղակայելով և շահագործելով բջջային կայաններ:
Արդյունքում՝ հողամասերի վարձակալները 15-25 տարի ժամկետներով, պայմանագրերի հիման վրա համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից վարձավճարների տեսքով ստացել են խոշոր շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:
Քրեական գործերով համայնքների գործող կամ նախկին 34 ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ:
Հարուցված քրեական գործերով համայնքներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 472. 5մլն ՀՀ դրամ, որից շուրջ 127մլն ՀՀ դրամն արդեն իսկ վերականգնվել է: Միջոցներ են ձեռնարկվում վնասի մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ:
Բազմաթիվ դեպքերով նախնական քննությունը դեռևս ընթացքի մեջ է: