ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նոր հայեցակարգ է մշակել այն մասին, որ Սյունիքի մարզում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:
Ուրբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արման Թաթոյանը այդ հայեցակարգի հիմքերը նշեց: Նա ներկայացրեց Ադրբեջանի նախագահի տարբեր ժամանակների արտահայտությունները՝ հայերի ու Հայաստանի մասին, որոնք հայատյացություն են պարունակում, ապա պատերազմի ընթացքում արված դաժան տեսանյութեր՝ գլխատման ու ականջ կտրելու կադրերով, ադրբեջանցիների՝ հայերի նկատմամբ իրականացված խոշտանգումներ ու վիրավորանք, իսկ վերջում՝ նաև ադրբեջանական կողմից արցախյան բնակավայրերի ուղղությամբ խաղաղ պայմաններում հնչող կրակոցներ արձանագրող տեսանյութեր:
ՄԻՊ-ն ընդգծում է, որ սահմանների որոշման գործընթացի հիմքում կարևորագույն սկզբունքներ են ընկած՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ: Ընդ որում, պետք է լինի հարգանք սահմանային բնակիչների ու նրանց պաշտպանված իրավունքի նկատմամբ, ապահովվեն նրանց բնականոն կյանքը, անվտանգությունը և խաղաղությունը, հաշվետվողականությունը, տեսանելիությունն ու բավարար տեղեկությունները:
Սակայն, ըստ ՄԻՊ-ի խոսքի՝ Գեղարքունիքում ու Սյունիքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է տեղի ունենում, կան կյանքի իրավունքի իրական վտանգներ, երեխաների շահերի կոպիտ ոտնահարումներ:
Գաղտնիք չէ, որ մարդիկ զրկված են արոտավայրերից, հողատարածքներից, այգիներից օգտվելու հնարավորությունից: Քիչ չեն դեպքերը, երբ մանր ու խոշոր եղջերավորներն անցել են սահմանից այն կողմ և հետ բերել չի հաջողվել, երբեմն էլ հաջողվել է՝ մեծ դժվարությամբ:
ՄԻՊ-ի բերած օրինակները բազմաթիվ են. ի՞նչ կլինի, եթե Գորիս-Կապան տեղ-տեղ ադրբեջանական դարձող հատվածներում ավտովթար լինի, ի՞նչ երաշխիքներ կան հայկական այն դպրոցների անվտանգության համար, որոնցից 500 մետր հեռավորության վրա ադրբեջանական դիրքեր են և այլն…
Թաթոյանն ասաց, որ ապառազմականացված գոտու առկայությունը ուղղակի անհրաժեշտություն է:
Անելիքն այստեղ միջազգային հանրությանն է, կարծում է Արման Թաթոյանը, քանի որ այն բոլոր կոնվենցիաները, զեկույցներն ու սկզբունքները, որոնք միջազգային կազմակերպություններն ստեղծել են տարիներով, այստեղ ուղղակի ջուրն է լցվում՝ առ ոչինչ: