Ես հարևան պետության հետ խաղաղ գոյակցության կողմնակից եմ, բայց սահմանին անընդհատ կրակելու և Ադրբեջանի ղեկավարության կողմից ատելություն սփռելու այս պայմաններում պատկերացնո՞ւմ եք այդ խաղաղ գոյակցությունը: Էլ չեմ ասում, օրինակ, ռազմագերիների հարցը: Այս մասին ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ադրբեջանում գերիների վերադարձը արհեստականորեն հետաձգվում է՝ հարազատներին հոգեկան տանջանք պատճառելով: Այնտեղ նրանք է՛լ ավելի են խորացնում այս հարցը ՝ փորձելով այդ մարդկանց ներկայացնել որպես դիվերսանտներ ու ահաբեկիչներ,- ասաց նա՝ հավելելով, որ այդ խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի մենք կարողանանք խոսել խաղաղ համակեցության մասին:
«Ադրբեջանում էթնիկական հիմունքներով հայերի դեմ հանցագործություններն ու սպանությունները բազմաթիվ են, և դա հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներով»,- ասաց ՄԻՊ-ը: Որպես օրինակ նա նշեց Գուրգեն Մարգարյանի սպանությունը, որից հետո Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում հերոսացրեցին, Մանվել Սարիբեկյանի ու այլ գործեր:
Ըստ նրա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ նշել է, որ սպանությունները կատարվել են էթնիկ հիմունքներով, որոնք խրախուսվել են բարձրագույն ղեկավարության կողմից, ուստի սա ինստիտուցիոնալ հիմքերով վարվող քաղաքականություն է: