Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը 2020 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևան քաղաք ապօրինի փոխադրելու նպատակով, Սյունիքի մարզում ձեռք էր բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել էր իր կողմից վարվող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, սակայն ճանապարհին հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ նշված ավտոմեքենայի զննությամբ: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել էր, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան:
Բացահայտվել են այլ հանցադրվագներ ևս, պարզվել հանցավոր շղթայում ընդգրկված անձանցից ևս 5-ի ինքնությունը, թմրամիջոցների ձեռք բերման, իրացման մեխանիզմը, թաքստոցները:
Մասնավորապես պարզվել է, որ Կոտայքի մարզի՝ 1987թ. ծնված բնակչի կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով վերջինս Հայաստանի տարածքով պետք է տեղափոխեր թմրամիջոց: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում նշված ավտոմեքենան հայտնաբերվել է, որի խուզարկությամբ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի՝ 2878 գրամ «Ափիոն», 995 գրամ քաշով «Մեթամֆետամին», 751,27 գրամ քաշով «Հերոին» և 2888 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցներ:
Բացի այդ, տվյալներ են ստացվել նաև ԻԻՀ-ից Հայաստանի Հանրապետություն թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ ԻԻՀ-ից Հայաստան ուղևորված ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերով՝ 112,5 գրամ «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց:
Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում՝ թաքստոցում, տեղադրված է թմրամիջոց, որը պետք է տեղափոխվեր Վրաստան: Հայտնաբերվել է «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ մոտ 4290 գրամ ընդհանուր քաշով, «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ ընդհանուր 2100 գրամ քաշով, որոնք, նախաքննության տվյալներով, պետք է տեղադրվեին Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում:
Նախաքննությունը շարունակվում է: