Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեկնարկած դատական նիստը կրկին հետաձգվեց։
Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր՝ կապված սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրյալներից մեկի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առողջական վիճակի հետ։ Նա մինչ օրս գտնվում է հոսպիտալում։
Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ մարտի 15-ին դատարան է ստացվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումը, ըստ որի՝ իր պաշտպանյալը դեռևս հիվանդանոցում է և չի կարող մասնակցել այսօրվա նիստին։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 23-ին, ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: