ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարուժան Ավետիքյանը նոր փաստաթղթեր է ներկայացրել Վարչական դատարան։
Տիրան Խաչատրյանի փաստաբանը, հիշեցնելով Խաչատրյանի գործը, նշեց, որ ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվել է պաշտոնից, որի պատճառով դիմել են դատարան, որպեսզի անվավեր ճանաչվի որոշումը։
Ավետիքյանի խոսքով՝ դատարան են ներկայացվել համապատասխան միջնորդություններ, որով փորձում են կանխել լրացուցիչ անօրինությունները, քանի որ այդ հրամանագիրն ընդունվել է Սահմանադրության և օրենքների խախտումներով։
Պաշտպանության նախարարը երկու հրաման է ընդունել՝ փետրվարի 26-ին և մարտի 15-ին։
Փաստաբանը, բառացի մեջբերելով փետրվարի 26-ի հրամանը, նշեց․«Հայտարարում է նախագահի հրամանգիրը և հրամայում է Գեներալ-լեյտենանտ Խաչատրյանին թողնել կադրերի տրամադրության տակ»։ Իսկ արդեն մարտի 15-ի որոշմամբ՝ պաշտպանության նախարարը Տիրան Խաչատրյանին հետ է կանչում արձակուրդից, և գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեներաալ-լեյտենանտ Գալստյանին հանձնարարում է Խաչատրյանին դուրս հանել անձնակազմի ցուցակներից։
Փաստաբանը շեշտեց, որ այս գործով պատասխանողը Հանրապետության նախագահն է, ու բողոքը հենց նրա դեմ է։