Դատավոր Վահե Միսակյանը Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացրեց։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկին միջնորդություն էր ներկայացվել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու մասին։ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը մահացել են կորոնավիրուսի հետևանքով։
Հիշեցնենք, որ վերոնշյալ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):