2020թ-ին գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1114 դեպք, որից 157-ը՝ կաշառքի վերաբերյալ, 155-ը՝ պաշտոնական կեղծիքի, իսկ 389-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահման։ Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա նշեց, որ նախորդ տարի շարունակվել է հակակոռուպցիոն ռազմավարությամբ 2020 թվականի համար սահմանված կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բարեփոխումների իրականացումը։ Դրա շրջանակում ընդլայնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների շրջանակը, այդ թվում՝ հանրային և պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց և թեկնածության հավակնորդների բարեվարքության ուսումնասիրության, դրա հիման վրա խորհրդատվական եզրակացություն տրամադրելու լիազորությունները, ներդրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունների համար անհրաժեշտ գործիքակազմ։
Բադասյանի խոսքով՝ ներդրվել է նաև ծախսերի հայտարարագրման նոր ինստիտուտ, համաձայն որի՝ որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում պաշտոնատար անձը պարտականություն է կրում այն հայտարարագրելու: Ներդրվել է նաև իրավիճակային հայտարարագրի ինստիտուտը, որը հանձնաժողովին թույլ կտա երրորդ անձից նույնպես հայտարարագիր պահանջել: Նախարարը շեշտեց, որ այս ծրագրի արդյունքում հայտարարատու պաշտոնատար անձանց թիվն ընդլայնվել է՝ 3000-ից հասնելով 9000-ի:
Ներկայացնելով Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքը և արդյունքները՝ նա հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2020-ին ուսումնասիրություն է սկսել 214 սուբյեկտի պատկանող գույքի առնչությամբ։
«Ստեղծումից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ: Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 214-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են»,-ասաց նա։