ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի նիստում քննարկվեց Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց զեկույցի՝ իրավապահ համակարգ, արդարադատություն, օրենքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար բաժինը:
Նշվեց, որ 2020-ին ընդունվել են ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022-ի միջոցառումների ծրագիրը: Ընդունվել են պարեկային ծառայության ստեղծման եւ գործարկման համար անհրաժեշտ օրենսդրական ակտեր, որոնց նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած ոստիկանության եւ նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է: Ձեռք են բերվել պարեկային ծառայության համար անհրաժեշտ նոր տեխնիկական միջոցներ եւ հանդերձանք:
2021-ի ընթացքում կգործարկվեն պարեկային ծառայության Երեւանի ստորաբաժանումը եւ օպերատիվ կառավարման կենտրոնը: Վերջինս լինելու է քաղաքացիներից ահազանգեր ընդունող եւ արտաքին ծառայության իրականացումը մեկ կենտրոնից կառավարող կառույց:
2020-ի ընթացքում կասեցվել է շուրջ 2200 վարորդական վկայական, 45 անձ զրկվել է դրանից: Կայացվել է տուգանային միավորներին առնչվող շուրջ 415 000 որոշում: