Հայ իրավապահներին հաջողվել է նախաքննությամբ պարզել մոտ 3 տասնյակից ավելի վարձկանների ինքնությունը: Վարույթն իրականացնող մարմինը, այս դեպքում՝ Քննչական կոմիտեն, որոշել է նշված անձանց ներգրավել որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում: Իսկ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի մասնակից սիրիացի երկու վարձկան ահաբեկչի դեմ քրեական գործն ավարտվում է։ Շուտով մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան։ Ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են ծանր հանցանքի համար:
Առաջին ալիքի եթերում ՀՀ զինդատախազության ՀԿԳ ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը հայտնել է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում ահաբեկչություն և միջազգային ահաբեկչություն իրականացնելու, պատերազմին որպես վարձկան մասնակցելու, նաև զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական նորմերի լուրջ խախտումների փորձ կատարելու համար:
Նա նշել է, որ այս ծանր հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում մինչև 20 տարի ժամկետով: