ԱԱԾ քննչական դեպարտամենտում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքացին նախկինում բազմիցս գտնվել է Թուրքիայում, որի ընթացքում արդեն հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվել նշված կազմակերպության ներկայացուցչի կողմից, հայտնել է ԱԱԾ-ն։
Այնուհետև, վերադառնալով մշտական բնակության վայր, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը: Հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի քաղաքացին թշնամական գործունեությամբ զբաղվող նշված կազմակերպության ներկայացուցչից ընդունել է վարձատրության դիմաց, ի վնաս Հայաստանի և Արցախի տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու, զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող և այլ բնույթի տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ առաջարկը, որից հետո ստորագրել և համացանցային կապի միջոցով նշված անձին է ուղարկել համապատասխան բովանդակությամբ համաձայնագիրն ու ընտրել իր ծածկանունը:
Քաղաքացին հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաև այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել շուրջ 1500 ԱՄՆ դոլար գումար:
Պետական դավաճանությանն օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քաղաքացու կինը, ում նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:
Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: