Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը վերացնելու պաշտպանական կողմից միջնորդության վերաբերյալ որոշումը։
Նշենք, որ ավելի վաղ պաշտպանական կողմը միջնորդել էր կիրառել ՍԴ որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել 300․1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը), ինչպես նաև իրենց պաշտպանյալների նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը և հանել խափանման միջոցը։
Աննա Դանիբեկյանն առանձին-առանձին կարդաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով որոշումը:
Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովն արդարացվեցին, քանի որ վերջիններիս նկատմամբ մեղադրանք է առաջադրված եղել միայն 300․1 հոդվածով։
«Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը արդարացվածների կարգավիճակ են ձեռքբերում միայն իրենց առաջադրված այն մեղադրանքների համապատասխան մասերով, որոնցով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքների մնացած մասով, մասնավորապես, Ռ․ Քոչարյանին ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ կետով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով) և Արմեն Գևորգյանին 311-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ կետով և ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով քրգործերի քննությունը շարունակել»-ասաց Դանիբեկյանը։
Նա հայտնեց, որ դատական նիստը հետաձգվում է և տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 13-ին։