ՀՀ վճռաբեկ դատարանի, ապրիլի 12-ի որոշմամբ, բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշումը և օրինական ուժ տվել ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը։ Այս որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել Նարեկ Սարգսյանի պաշտպանները, որը ՀՀ վերաքննիչ դատարանի 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշմամբ բավարարվել էր մասնակիորեն՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել էր, Ն․Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխվել էր, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 25 մլն դրամի չափով։ ՀՀ վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ էլ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացվել էր Վճռաբեկ բողոք, որն ամբողջությամբ բավարարվել է։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ուղարկվել է հետաքննության մարմնին, և Սարգսյանը կալանավորվել է:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2018թ․ հունիսից ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան, և նրան վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելն ու իրացնելը), ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառությունը), 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով (Խաբեության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը)։ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 2020թ․ հեկտեմբերի 9-ին նրա վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար, և դատարանի հոկտեմբերի 19-ի որոշմամբ ընտրված խափանման միջոցը թողնվել էր անփոփոխ։
Մեզ հետ զրույցում Նարեկ Սարգսյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը նշեց, որ այս պահին զերծ են մնում մեկնաբանություններ տալուց, սակայն դատարանի որոշմանն առավել մանրամասն ծանոթանալուց հետո կհրապարակեն իրենց հետագա անելիքները։