Ազգային ժողովի հերթական նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ անելու նախագծերի փաթեթը։ Օրենքի նախագիծը Ազգային ժողովին է ներկայացվել երկրորդ ընթերցմամբ։
Նախարարը հայտնեց, որ մի շարք դրույթներ փոփոխման են ենթարկվել։
Անդրադառնալով մասնավորապես Հակակոռոպցիոն դատարանի մասով արված փոփոխություններին՝ նա նշեց․ «2020թ․ լրացուցիչ վերլուծության արդյունքում հակակոռուպցիոն դատարանի դատավորների թիվը նվազեցվել է․ սահմանվել է, որ հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որոնցից առնվազն տասը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացված դատավորներ, իսկ առնվազն հինգը հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացված դատավորներ։
Նախարարը շեշտեց, որ հակակոռուպցիոն դատարաններում քննվելու են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված հայցերը։
«Այս նախագծերի ընդունմամբ հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Հույս ունենք բարձրացնել նաև կոռուպցիոն բնույթի գործերի քննության արդյունավետությունը»,-հավելեց նախարարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մինչ օրենքի նախագծում վերոնշյալ փոփոխությունները, առաջարկվում էր ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը: