Գլխավոր դատախազության շենքի մոտ երեկ տեղի ունեցած բողոքի գործողությունների հետ կապված խուլիգանության հատկանիշներով քրեական գործեր են հարուցվել։
Գործերը կազմվել են Ոստիկանությունում և ուղարկվել Քննչական կոմիտե։
Այս մասին Armenia Today-ին հաղորդեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ դեպքի վայրից բերման են ենթարկել 17 քաղաքացու, որոնք գիշերն ազատ են արձակվել։ Թե նրանցից քանիսի նկատմամբ են քրեական գործեր հարուցվել, Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Դատախազության շենքի առջև, ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների, բողոքի ակցիա է իրականացվել։ Ձերբակալությունների պատճառը նախօրեին տեղի ունեցած բողոքի ցույցերն էին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցի կապակցությամբ։