Սյունիքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով անցնող ևս մի քանի անձի կալանավորելու միջնորդություններ են մերժվել։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց փաստաբան Արթուր Մանուկյանը։
Ապրիլի 24-ին փաստաբաններ Արթուր Մանուկյանը, Միքայել Շխիմյանը, Էդգար Թումասյանը և Լիանա Գասպարյանը 11 անձի ներկայացրել են Քննչական կոմիտե։ Վերջիններս, տեղեկություն ստանալով այն մասին, որ ոստիկաններն իրենց գտնվելու վայրն են ճշտել, ինքնակամ, փաստաբանների ուղեկցությամբ, ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու կասկածանքով և կալանավորելու միջնորդություններ ներկայացվել դատարան։
Այս գործով փաստաբան Արթուր Մանուկյանը երեք պաշտպանյալ ունի․ երկուսին կալանավորելու միջնորդությունները մերժել են, մյուսի վերաբերյալ այսօր դատարանը որոշում կկայացնի։
«Բերման ենթարկված քաղաքացիների մի մասին մեղադրանք է առաջադրվել։ Իմ գնահատմամբ՝ մեղադրանքն ապօրինի է։ Խուլիգանության հոդվածով է մեղադրանք առաջադրվել։ Սյունիքի իրադարձությունների տեսագրությունները դիտելիս՝ պարզ է դառնում, որ խուլիգանության մասին խոսք լինել չի կարող։ Մի շարք անձինք դժգոհություն են արտահայտում Նիկոլ Փաշինյանին․ կան մարդիկ, որոնք կոշտ քննադատում են Փաշինյանին, մյուսներն էլ վիրավորական արտահայտություններ են անում։ Նշեմ, որ 2010 թվականից վիրավորանքն ապաքրեականացվել է, այն չի համարվում հանցագործություն»,- նշեց նա։
Փաստաբանի գնահատմամբ՝ իր պաշտպանյալների և գործով անցնող մյուս սյունեցիների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ նրանք Նիկոլ Փաշինյանի այլախոհներն են։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ եղել է Սյունիքի մարզում։ Ագարակում, Մեղրիում և Կապանում այցի ընթացքում քաղաքացիներն ընդվզել և դժգոհություն են հայտնել, բողոքի ակցիաներ կազմակերպել, վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցրել, ճանապարհ փակել։ Մեղրիում քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։
Գորիսում անցկացված խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Մեղրիում տեղի ունեցածն օրենքի խախտում էր, և ինքն ակնկալում է, որ իրավապահ մարմինները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին, միջադեպի մասնակիցները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։
Հավելենք, որ այդ դեպքերից հետո սյունեցիներ են բերման ենթարկվել և ձերբակալվել։ Սյունիքի դեպքերով ձերբակալվել է նաև Մեղրիի քաղաքապետը։ Նա, սակայն, ազատ է արձակվել։