Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նրա խոսքով՝ համաձայն մեղադրանքի՝ Փարամազյանն, իբր, կազմակերպել է ինչ-որ անձի առևանգում։ Փաստաբանի պնդմամբ՝ առհասարակ առևանգում տեղի չի ունեցել։
«Դեկտեմբերին մեզ հրավիրելը և մեղադրանք առաջադրելը հաջորդեց Սյունիքի համայնքապետերի հայտարարությանը, որով նրանք պահանջում էին վարչապետի հրաժարականը, հիմա էլ Ագարակում և Մեղրիում սյունեցիները ջերմ ողջունել են վարչապետին, չգիտես՝ ինչու կրկին հիշել են Փարամազյանին և հրավիրել են նոր մեղադրանք առաջադրելու»,- շեշտեց Վարոսյանը։
Փաստաբանի գնահատմամբ՝ այս գործերն ուղղորդվում են մեկ կետից, և տեղի ունեցածը քաղաքական ուղղվածություն ունի:
Հիշեցնենք, որ Քաջարանի քաղաքապետն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե։
Ըստ ՔԿ-ի` հավաքված բազմության ներկայությամբ հորը հարվածելու համար Քաջարան համայնքի ղեկավարը 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել է ավտոմեքենան, առևանգել նրան ու տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ հրացանով կրակել է ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան։