Այսօր միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին՝ Մխիթար Զաքարյանի նկատմամբ առաջադրված ակնհայտ անհիմն մեղադրանքը վերացնելու պահանջով։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։
«Հիշեցնեմ, որ և՛ ձերբակալման իրավաչափությունը վիճարկելիս, և՛ կալանավորման միջնորդությունը քննարկելիս Դատարաններն արձանագրել են հիմնավոր կասկածի բացակայությունը, այլ կերպ ասած՝ Մխիթար Զաքարյանի առնչությունն իրեն մեղսագրված արարքին անգամ հիմնավոր կասկածի մակարդակում չի հիմնավորվել։ Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական հետապնդում։ ՀՀ Գլխավոր դատախազություն, պարո՛ն Դավթյան, Դուք պարզապես պարտավոր եք գործել քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում և վերացնել ակնհայտ շինծու մեղադրանքը»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի ժամանակ տեղի ունեցած ակցիայի դեպքերով հարուցվել էր քրգործ՝ խուլիգանության հատկանիշներով: Մեղադրանք է առաջադրվել 19 անձի, այդ թվում՝ Մխիթար Զաքարյանին: