ՀՀ վարչական դատարանում այսօր մեկնարկել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայցով դատական նիստը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ դատական հայց էր ներկայացրել։
Դատական հայցը վերաբերում է Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագրերն անվավեր ճանաչելու պահանջին։ Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Տիրան Խաչատրյանի պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին ևս որպես պատասխանող կողմ ներգրավելու մասին։
Դատական նիստի ժամանակ Տիրան Խաչատրյանի պաշտպանները նշեցին, որ հայցադիմում է ներկայացվել նաև ՊՆ նախարարի փետրվարի 26-ի և մարտի 15-ի հրամաններն անվավեր ճանաչելու մասին։
Դատավոր Մերի Համբարձումյանը նշեց, որ ընդունում է կատարված առարկայի փոփոխությունները և քննում է նաև ՊՆ նախարարի հրամանները վերացնելու պահանջները։
«Դատարանը որոշեց սույն գործով դատավարության մեջ ներգրավել ՊՆ-ին՝ որպես երրոդ անձ»,-ասաց Մերի Համբարձումյանը՝ փակված համարելով այսօրվա նիստը։
Նա նշեց, որ անհրաժեշտ է լինելու ևս մեկ դատական նիստ հրավիրել, որի օրվա և ժամի մասին կողմերը անհրաժեշտ ծանուցում կստանան։
Նշենք, որ Տիրան Խաչատրյանն ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարության մասին մեկնաբանություն էր արել, որից հետո Ն․ Փաշինյանը Տ․ Խաչատրյանին աշխատանքից ազատելու որոշում էր կայացրել։