ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը մեջբերումներ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2021 թվականի ապրիլի 20-ի հարցազրույցից` հրավիրելով միջազգային կառույցների ուշադրությունը:
Նա Ալիևի ելույթներից մի քանի հատված է առանձնացրել.
Համաշխարհային պատմության մեջ շատ պատերազմներ են եղել, բայց այս աստիճան դաժանություն, թշնամանք, ըստ իս, համաշխարհային պատերազմների պատմության մեջ չի եղել։
Նույնիսկ եթե համեմատենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, այն ժամանակ այսպիսի վայրագություն չէր կատարվում, կրոնական հուշարձանները չէին ավերվում։ Այս ամենը մենք շատ լավ գիտենք։ Հայկական ֆաշիզմը բոլոր երկրներում եղած ֆաշիզմի տեսակներից ամենազզվելի, ամենադաժան ֆաշիզմն է։ Հայկական ֆաշիզմը ոչնչացվել է, և այն ոչնչացնողը եղել է Ադրբեջանի ժողովուրդը։
Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազույցով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդը բարբարոս են, ֆաշիստներ են, զզվելի են ու վայրագություններ կատարող են: Սա այն հարցազրույցն է, որով նա Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով:
Փոխարենը՝ նա իր ելույթներում մշտապես համեմատությամբ ի ցույց է դնում Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր: Այս ամենն իրականացնում է ի հաշիվ պատմական փաստերի բացահայտ աղավաղման: Այս գիծը հատկապես ուժգնացել է վերջերս:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը: Ակնհայտ է, որ խոսքը պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն մասին է Հայաստանի ու Արցախի բնակչության, Հայ ժողովրդի նկատմամբ: