Դատավոր Աննա Դանիբեկյանի ղեկավարությամբ շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դատական նիստը։
Արմեն Գևորգյանը դատական նիստին ներկա չէր, քանի որ գտնվում է ստացիոնար բուժման մեջ։ Նրա պաշտպանը միջնորդություն ներկայացրեց՝ ասելով, որ իր պաշտպանյալը բժիշկի բանավոր խոսքով՝ հսկողության տակ կլինի դեռ 14 օր։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն ասաց, որ Քոչարյանի՝ անպայմանորեն դատական նիստերի դահլիճում գտնվելու անհրաժեշտության դեպքում կարճ ընդմիջման ընթացքում կկազմակերպի նրա ներկայանալը դատարան։
Սակայն, հաշվի առնելով, որ նիստն առանց Գևորգյանի կայանալ չէր կարող, դատարանը հետաձգեց այն՝ նշանակելով մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ Քոչարյանն ու Գևորգյանը մեղադրվում են ո՛չ միայն սահմանադրական կարգը տապալելու ոչ սահմանադրական ճանաչված հոդվածով։
Նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նախկին փոխվարչապետին՝ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափով կաշառք վերցնելու), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լեգալիզացում):
Նախկին նախագահը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, իբր «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ՍՊԸ-ի միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողությունների իրականացմանը չխոչընդոտելու համար, մասնավորապես` ընդերքի ուսումնասիրման հատուկ լիցենզիաների գծով ընկերության բաժնեմասերի 100% վաճառքի գործարք:
Գումարը, իբր, փոխանցվել է 2008-ի փետրվարին եւ մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ: Նախկին փոխվարչապետը մեղադրվում է նաեւ կաշառք վերցնելու եւ փողերի լվացման համար: