ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նոր արտահերթ զեկույց է հրապարակել, այս մասին գրում է ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյբուքյան իր էջում․ «Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում» Այսպես եմ վերնագրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս նոր ռազմագերիարտահերթ զեկույցը (անգլերենով):
Այս զեկույցն այն մասին է, թե ինչ ազդեցություն է ունեցել 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվում բացված Ռազմավարի պուրակը ադրբեջանական ընկալումներում: Ստորև այդ ընկալումների մի քանի օրինակ` Վազգեններին շան պես կապել են, որ չփախչեն:
Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր աշխատել, պատրաստել են այս մոդելները: Ստորներին, անամոթներին, անբարոյականներին, դավաճաններին, խորամանկներին, դահիճներին բնորոշ բոլոր գծերը ամենայն ճշգրտությամբ պատկերել են: Ռազմական ավարի պուրակը ռևանշիստների համար խրատ է, դաս, հերթական «Երկաթե բռունցքի» մասին նախազգուշացում է: Հաջորդ կանգառը՝ Երևան, Զանգեզուր, Գյոյչա (Սևան):
Ցանկանում եմ, որ այս ավարի ու մոդելների ցուցադրությունը երկարաժամկետ լինի, որովհետև ապագա սերունդը պետք է ճանաչի ազգի թշնամուն և ատելությամբ հիշի: Ընկերներ, ասեք տեսնեմ այս մոդելների վրա անամոթների աչքերը ինչ էլ մեծ են: Կեցցեն ստեղծողները: Կարծես անօդաչուի գալուց են վախենում: Երկրորդ մոդելի դեպքում մեր պարոն Նախագահի իրավացի խոսքն է. «Ի՞նչ եք առնետի պես թաքնվել այստեղ-այնտեղ» և այլն:
Այսինքն` այս զեկույցում տեղ են գտել կոնկրետ օգտատերերի, այդ թվում` հանրային գործիչների խոսքերը: Այն կոնկրետ ապացույցներով` տեսանյութերով ու լուսանկարներով ցույց է տալիս, որ պուրակը հայատյացության և թշնամանքի գեներացիայի հերթական աղբյուրն է, որ ունի պետական բացահայտ հովանավորչություն:
Զեկույցը ներկայացնում է նաև միջազգային մարմինների և լրատվամիջոցների հրապարակային դատապարտող հայտարարությունները պուրակի վերաբերյալ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների, իսկ այժմ բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում»,- գրել է Արման Թաթոյանը: