Ոչ մի քրեական գործ մեր հանրության համար չհասկացված կամ չընկալված ընթացք չի կարող ունենալ: Այս մասին ԱԺ-ում դատախազության 2020-ի գործունեության հաղորդմանը նշեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հարցին՝ կապված ԲՀԿ առանջորդ Գագիկ Ծառուկյանին վերաբերող գործին։
«Այդ քրեական գործը փակված չէ։ Այդ քրգործը քննվում է։ Հասկանալի պատճառներով այն երկար է քննվելու, որովհետև վերաբերում է հազարավոր անձանց ներգրավմամբ մեծ ծավալներ ստացած հանցավոր դրսևորումներին։ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը իրավական և հիմնավոր է եղել, և այն հետագայում արձանագրվել է նաև դատարանների կողմից»,-ասաց նա՝ նշելով, որ քննությունը կավարտվի, և կտրվի քրեաիրավական գնահատական։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ այն է՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Մանրամասները՝ տեսանյյութում․