Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված բոլոր քաղաքացիները՝ անկախ նրանից, թե որ պետական մարմնի զորքերում են ծառայել, պետք է օգտվեն նույն, հավասար արտոնություններից: Այս մասին գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Հենց այս մոտեցմամբ մեր աշխատանքի արդյունքը եղավ այն, որ ՀՀ ոստիկանության զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցած Կարեն Կիրակոսյանը, որը ծառայության ընթացքում ձեռք է բերել հաշմանդամություն, ընդգրկվեց Պաշտպանության նախարարության համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակում։
Հարցի բարդությամբ պայմանավորված՝ գործընթացը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կարճ չի եղել:
Հարցով կայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը մարդու իրավունքների խախտման առկայության մասին: Որոշման կատարման փուլում Պաշտպանության նախարարության և Ոստիկանության մեր գործընկերների հետ արդյունավետ ու հետևողական աշխատանքի արդյունքում ապահովվեց նրա իրավունքների վերականգնումը»,-գրել է ՄԻՊ-ը: