Շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։
ՀՀ երրորդ նախագահի պաշպանական կողմը գտնում է, որ քրեական հետապնդման մարմինը չի տրամադրել բոլոր նյութերը, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց վստահորդի առաջադրված ապօրինի մեղադրանքին։
«Չտրամադրված փաստաթղթերում առկա են մեղադրանքը հերքող, վստահորդին արդարացնող նյութեր, որոնք կարող են էական նշանակություն ունենալ։ Մեղադրանքի կողմը չի տրամադրել նյութերը, ըստ որի՝ պաշտպանական կողմը զրկվել է այդ ապացույցները գնահատելու ու վիճարկելու հնարավորությունից»,-ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։
Սերժ Սարգսյանի պաշտպանական կողմը միջնորդել է մեղադրանքի կողմից պահանջել և ստանալ վերոնշյալ նյութերը։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ նշեց, որ հիմնական քրեական գործում կան նյութեր, որոնց իրենք չենք ծանոթացել։
«Վեց ամսվա նախաքննության ընթացքում կարո՞ղ էին հավաքվել ապացույցներ, որոնք հերքում են մեղադրյալին վերագրվող արարքը։ Հարցս հռետորական է։ Բացի այդ՝ Սևան Քոչարյանի առնչությամբ քրեական գործը, որը մնացել է ՀՔԾ-ում, ի՞նչ փուլում է։ Ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ գործ ունենք»։
Մեղադրող կողմը առարկեց պաշտպանների միջնորդությունը՝ նշելով, որ այն անհիմն է ու ենթակա է մերժման։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Գործով մեղադրյալներ են նաև Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Նշենք, որ վերոնշյալ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը կորոնավիրուսից մահացել են, և դատարանը, բավարերելով հարազատների դիմումները, դադարեցրել է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը։