Պարեկային ոստիկանության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծմամբ պայմանավորված՝ կրճատվելու է Ոստիկանության 452 աշխատակից։
Այս մասին Armenia Today-ի տեղեկատվություն ստանալու հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Ոստիկանությունից։
Ինչպես նշում են գերատեսչությունից՝ այդ 452 աշխատակիցները ներգրավվելու են Ոստիկանության կադրերի ռեզերվ և ըստ սահմանված կարգի աշխատանքի են անցնելու Ոստիկանությունում։
«ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական 8 և տեխնիկական սպասարկում իրականացնող 14 հաստիք է կրճատվելու, սակայն այդ հաստիքը զբաղեցնող անձանց համար նույնպես ոստիկանությունը փորձելու է աշխատանք տրամադրել»,- ասված է հարցման պատասխան-նամակում։
Հիշեցնենք, որ պարեկային ոստիկանության ստեղծումը կսկսվի Երևանից, կշարունակվի Շիրակի ու Լոռու, ապա արդեն մյուս բոլոր մարզերում:
Ավելի վաղ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտարարել էր, որ Պարեկային ոստիկանությունը Հայաստանում կսկսի գործել ամռանից՝ ոստիկանության բարեփոխումների ծրագրի շրջանակներում:
Այս ծրագրի շրջանակներում կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է 2,161 միլիարդ դրամ:
Այս գումարով օգտագործվում է Պարեկային ոստիկանության համար 140 տրանսպորտային միջոցներ, իսկ օպերատիվ կառավարման կենտրոնի համար՝ այլ սարքավորումներ: Բացի այդ, բյուջեի վերաբաշխումների շնորհիվ 32 միլիոն 445 հազար դրամ է հատկացվել Կենտրոնի շենքերի վերակառուցման համար:
«Նախատեսվում էր, որ բոլոր աշխատանքներն ու գնումները պետք է ավարտվեին մինչև մարտի 31-ը, սակայն, տարբեր պատճառներով, ամսաթվերը տեղափոխվեցին հունիսի 1-ը»,- նշել էր Ֆիդանյանը:
Նշենք, որ պարեկային ոստիկանությունը Երևանում իր աշխատանքն է սկսում հուլիսի 1-ից։
Արաքսյա Սնխչյան